Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Repatriation > Նիարի Գորջյանը ստեղծել է հայրենադարձությանը նվիրված ինտերնետային կայք

Ազատ-Հայ, 17 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (
Azad Hye)

Նիարի Գորջյանը TransitionToArmenia.com ինտերնետային կայքի հիմնադիրն է: Սա ինտերակտիվ կայք է, որը քննարկումներ ունենալու հնարավորություն է տալիս Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեցող հայերին ու նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան:


Նիարին հինգ տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում, խորհրդատվական հոգեբանության գիտության թեկնածու է: Հայկական տարբեր կազմակերպությունների, այդ թվում` Երկիր և մշակույթ կազմակերպության, Կալիֆոռնիայի Հայ ուսանողների միության ակտիվ անդամ է: 2007 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և կառավարման բաժնում դասավանդել է կառավարում:

Մենք Նիարի Գորջյանի հետ զրուցելու հնարավորություն ունեցանք (կայքը` http://www.transitiontoarmenia.com):

Ինչպե՞ս ծնվեց կայքի գաղափարը: Հե՞շտ էր արդյոք այն կյանքի կոչել:

Կայքը ստեղծելու գաղափարը ծնվեց իմ անձնական փորձառությունից` երկու իրադարձությունների ազդեցությամբ` 2007 թվականին, երբ Հայաստան եկա և հետո, երբ Նահանգներ վերադարձա: Հայաստանում շատ էի ուզում հանդիպել մարդկանց, ովքեր մշտական բնակության նպատակով տեղափոխվել էին Հայաստան (նրանց հայրենադարձ են անվանում), ուզում էի զրուցել նրանց հետ իրենց փորձառության մասին, սակայն նման մարդկանց գտնելու հնարավորություն չունեի: Փոքրաթիվ հայրենադարձները, ում հետ հնարավորություն ունեցա հանդիպելու, ընկերներիս ընկերներն էին, ովքեր ասում էին, որ գոհ են իրենց վերադարձից, իսկ մի երիտասարդ կին, կիսելով ինձ հետ իր զգացմունքներն, ասաց. Ռուսաստանը պարզապես բնակության վայր էր: Հայաստանն իմ տունն է: Հայաստանում նաև հասկացա, որ հայրենադարձներն ստեղծել են իրենց շրջանակները: Օրինակ` Իրանից հայրենադարձվածները միմյանց հետ են շփվում, ԱՄՆ-ից եկածներն էլ իրենց խումբն են ստեղծել: Ինձ հուզում էր այն հարցը, թե ինչու՞ չեն շփվում իրար հետ:

Նահանգներ վերադառնալուց հետո շատ սփյուռքահայեր հարյուրավոր հարցեր էին ուղղում ինձ: Ասենք` գո՞հ են արդյոք հայրենադարձները, ինչպիսի՞ն է նրանց կյանքը Հայաստանում: Դժվա՞ր է արդյոք բիզնես սկսել Հայաստանում: Չգիտեի, թե կոնկրետ ինչպես պատասխանեմ նրանց հարցերին:

Բոլոր այս հարցերը նոր ուժով բորբոքեցին իմ նվիրական երազանքն այն մասին, որ մի օր բոլոր սփյուռքահայերը տեղափոխվեն Հայաստան: Այդ ուժեղ ցանկության արդյունքում էլ ծնվեց Transitiontoarmenia.com կայքը ստեղծելու գաղափարը:

Հայրենադարձության խնդիրներով զբաղվող մի քանի հայկական կայքեր կան: Ո՞րն է ձեր կայքի առանձնահատկությունը:

TransitionToArmenia.com-ը երկու առնձնահատկություն ունի` այն ինտերակտիվ է և միևնույն ժամանակ` անհատական: Հայրենադարձության մասին օգտակար տեղեկություններ պարունակող շատ ինտերնետային կայքեր կան, բայց դրանք ինտերակտիվություն չեն ապահովում: Մարդկանց համար կարևոր է ինչպես համարժեք տեղեկատվությունն, այնպես էլ այլ մարդկանց փորձառության մասին տեղեկանալու հնարավորությունը: Մեր կայքում երկուսն էլ առկա են: Երկրորդ կարևոր առանձնահատկությունը անհատականացումն է, այսինքն` մարդիկ հնարավորություն ունեն անձամբ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ուղղել: Ասենք` կա՞ արդյոք լավ մարզասրահ Հայաստանում, ինչպիսի՞ն են Հայաստանի կանայք:

Ու՞մ համար է ավելի օգտակար ձեր կայքը` նրանց, ովքեր արդեն հայրենադարձվել են, թե՞ նրանց, ովքեր ծրագրում են տեղափոխվել Հայաստան:

Կայքը նախատեսված է այնպես, որ հավասարաչափ օգտակար լինի երկու խմբերի համար էլ: Նրանց համար, ովքեր արդեն տեղափոխվել են, այն միմյանց հանդիպելու և աջակցելու հնարավորություն է ընձեռում: Նրանց, ովքեր ծրագրում են վերադառնալ, կայքն առաջարկում է ծանոթանալ և զրուցել հայրենադարձվածների հետ, հարցեր ուղղել նրանց, ինչպես նաև հանդիպել ու համագործակցել աշխարհի տարբեր երկրներում բնակվող և Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեցող հայերի հետ:

Կայքի անդամները միայն բլոգերում և ֆորումներու՞մ են հաղորդակցվում, թե՞ նաև դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն ունեն:

Այո, նրանք կարծիքներ են փոխանակում և միմյանց իրենց փորձառության մասին պատմում բլոգերում և ֆորումներում, ինչպես նաև մասնակցում են իրենց հետաքրքրող թեմաներով տարբեր քննարկումներին: Եթե քննարկումների արդյունքում նրանց մոտ հանդիպելու ցանկություն է առաջանում, այդ դեպքում կարող են օգտվել կայքի ընձեռած` մասնավոր նամակագրության հնարավորությունից` կարող են փոխանակել անձնական կոնտակտային տեղեկատվություն, պայմանավորվել և հանդիպել դեմ առ դեմ:

Կարծում եք` Մերձավոր Արևելքի հայերն ավելի՞ են հակված հայրենադարձությանը, քան մյուս հայ համայնքների ներկայացուցիչները:

Միանշանա′կ: Իմ անձնական փորձից գիտեմ, որ Մերձավոր Արևելքի հայերը հայրենիք վերադառնալու մեծ ցանկություն ունեն, ավելի մեծ, քան մյուս հայ համայնքների անդամները:

Ի՞նչ հիմնական խնդիրներ պետք է լուծեք` ձեր կայքում հնարավորին մեծ թվով մարդիկ ներգրավելու համար:

Հիմնական խնդիրը կայքի գովազդումն է, որը մեծ ջանքեր ու շատ ժամանակ է պահանջում: Երբ կարողանանք այնպես անել, որ մեծ թվով մարդիկ տեղեկանան կայքի մասին և օգտվեն նրա ընձեռած հնարավորություններից, համոզված եմ, որ կայքի անդամների թիվը կավելանա` պարզապես միմյանց կայքի մասին տեղեկացնելով:

Ի՞նչ դեր է խաղացել խորհրդատու հոգեբանի ձեր մասնագիտութունը կայքի մտահղացման գործում:

Մասնագիտությանս շնորհիվ ես գիտելիքներ եմ ձեռք բերել և′ հոգեբանության, և′ գործարարության բնագավառում: Դա ինձ օգնում է ավելի հեշտությամբ հասկանալ մարդկանց կարիքները:

Ինչպե՞ս եք պատրաստվում տեղեկացնել հայությանը ձեր կայքի մասին:

Այժմ մամուլի հաղորդագրություններ եմ ուղարկում աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին` տպագիր մամուլին և լրատվական կայաններին:

Մասնագիտական ի՞նչ կարողություններ են պահանջվում հայրենադարձության հարթ գործընթաց ապահովելու համար: Արդո՞ք ձեր կայքում կարելի է գտնել խորհուրդներ վերաբնակեցման կարևոր և նուրբ որոշման հետ առնչվող խնդիրների վերաբերյալ:

Կայքում ծավալված քննարկումների ընթացքում ոմանք խորհուրդ են տալիս բերել այնքան գումար, որը կբավականացնի մեկ տարի ապրելու համար, մինչև աշխատանք գտնելը, պատրաստ լինել խիստ ձմեռային եղանակին, ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանի շուկայի կառուցվածքի և մշակույթի մասին: Վերջինի մասին, օրինակ, տեղեկություններ կարելի է ստանալ հենց կայքի անդամ հայրենադարձներից:

Կայքն արդյունավետ կառավարելու համար արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի դուք բնակվեք Հայաստանում:

Ինտերնետի շնորհիվ ես կարող եմ արդյունավետ կառավարել կայքը աշխարհի ցանկացած կետից:

Original English text: Niary Gorjian founds website dedicted to relocating to Armenia

Armenian text by Ararat Center for Strategic Research


Added: Saturday, March 28, 2009
Hits: 6370
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.