Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Poetry > Վիկտոր Կոնոպլյովի բանաստողծություները նվիրված մեր ժողովուրդին ու երկրին

 

Poems by Russian poet Viktor Konoplyov dedicated to Armenia and Armenians. Translated by Socrat Khanyan.

Ռուս բանաստեղծ եւ Հայաստանի ու Արցախի բարեկամ Վիկտոր Կոնոպլյովի բանաստողծություները, նվիրված մեր ժողովուրդին ու երկրին:

Հայերեն լեզվով թարգմանությունները կատարել է արցախցի բանաստեղծ Սոկրատ Խանյանը:


* * *
Աստղերի ծնունդ գենը հայկական
Չի թողնում հանգիստ ապրեմ աշխարհում,
Ու երազները իմ պոետական
Հայոց դարերի խորքն է ինձ տանում:

Ծպտյալ հասնում եմ Նոյի օրերին
Եվ զգում մարդկանց սրտերի զարկը,
Ծանոթանում եմ ես սերունդներին,
Ու խենթացնում է ինձ նրանց կյանքը: 

Նրանց հայաբույր սուրճն է ինձ գերում,
Սուրճից բարձրացող քուլա-գոլորշին,
Եվ իմ ճաշակը սլավոնական
Ասես փոխվում է հեռավոր հուշի:

Սեգ Արարատի թագը ձյունափառ
Տեսնում եմ երկրիս ձյունե սարերից,
Մասիսն ու Սիսը լոկ կոթող չեն վառ,
Այլ վկաներն են դաժան դարերի:

Եղբայրանում եմ Մեծն Չարենցին,
Դեր-Զորում ծնկում ցաված աղոթքի,
Հոգուս ջերմությամբ փայփայում եմ ես
Առեղծվածային հայի մեծ հոգին:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ

Հայոց մով երկինք, դու իմ երրորդ աչք,
Կամարվել ես դու ծիածանաթույր,
Դու բյուրականված աստղազարդ հրաշք,
Դու արևագիրկ, դու արևաբույր:

Հայոց երկնքում ոգու թռիչք է,
Արծիվն է ճախրում լազուրում նրա,
Սևանի նման երկինքն այդ ջինջ է,
Աչքերիս հետքն է հայացքի վրա:

Հայոց երկինքըª դարերի մատյան,
Կյանքի իմաստն է նրա էջերում,
Ժպիտներ ունի, դառնություն ու ցավ,
Ժամանակներն են նրա փեշերում:

Հորիզոններն եմ ընդունում նրա,
Ու որպես կաթիլ ձուլվում ծփանքին,
Հոգուս մեջ առած լույսը հուրհրան,
Ես առասպելն եմ ընթերցում կյանքի:


* * *

Քո մեջ ոգին է Լույսի, Բարության,
Հայկի, Վարդանի սերունդն ես ոգով,
Պիտի հավատաս, որ ժամը կգա,
Ու կսպիանա ցավող վերքը քո:
Աշխարհում ցրված քո եղբայրների
Հույսն ու հավատը կծաղկեն մի օր,
Ուխտել է Տերը Ձեզ կնվիրի
Երջանիկ կյանքի գույները բոլոր
Հավատա, եղբայր, հայ ժողովուրդը
Կշարունակի հիսուսված ճամփան,
Գիտե այդ մասին ողջ հողագունդը,
Տերն է որոշել մեր լույս ապագան:
Մենք պիտի մնանք մեկ-մեկու նեցուկ,
Հաղթահարելով դառնություն ու ցավ,
Ոչ ոք չի կարող շեղել մեր ուղին,
Մենք միասին ենք Մեզ հետ է Աստված:


ՏԻՐՈՋ ՋՈՒԹԱԿԸ

Երկնակամարի փեշերից աստղոտ
Մի նուրբ նվագ է գերում իմ հոգին,
Նայում եմ վերև Մի հրաշք պատկեր.
Նվագն այդ ասես հնչում է կողքիս:

Մի պատկեր է դա Մասիսի վրա,
Որտեղ նվագն է հնչում ջութակի,
Նվագն ու սիրտս փարվելով իրար,
Գագաթն են հասցնում ինձ Արարատի:

Ուրախության հետ ցավ կա նվագում,
Իսկ ցավի շերտումª շունչը բերկրանքի,
Այդ նվագը իր շուրջն է առաքում
Հույսն ու հավատը հայ ժողովրդի:

Քանի անգամ են զրկել լարերից,
Բայց պահպանողը Աստծո Որդին էր,
Հրեշտակն էլ ինձ ժպտաց վերևից.
Տիրոջ ջութակը Հայաստանն է մեր:

Եվ Տիրոջ նրբին ջութակի վրա
Հրեշտակը նոր երգ է կատարում
Հայաստանը միշտ կմնա մեզ հետ,
Քանի որ Տերն է նրան սատարում:

Տարիների հետ լացը ջութակի
Մեր արյան կանչում չի լռում երբեք
Ով Տեր, մեծ սերդ տուր Հայաստանին
Ու եղիր մեզ հետ, որ հարատևենք:

* * *
Լավ է լինել գրպանահատ,
Քան թե դառնալ նենգ կռվարար
Բորբոքելով կռիվ ու դատ,
Ձևանալով սուրբ հաշտարար:
Ռուս եմ ես, բայց հայերին
Սիրում եմ ոնց հայրենակցի,
Վկան երթն է հին դարերի
Եվ մեծերը մեր խելացի:
Քաղաքական խաղերը թող
Վանենք հեռու, նետենք մի կողմ,
Բռնենք ձեռքը այն չար մարդու,
Որ բարության ծառն է հատում:
Դժվար պահին լինենք մեկտեղ,
Դառնանք իրար դարման ու դեղ,
Շարունակենք ճամփան լուսե,
Սերմանելով հարգանք ու սեր:
Միշտ վստահենք, պաշտենք իրար,
Ապավինենք մեր սրտերին,
Լսենք երգը հոգեպարար
Մեր սիրասուն մանուկների
Տգետների ուղին փակենք,
Վատ լուրերից զգոնանանք,
Եղբայրության ուղին հարթենք,
Մարդասպանին պատնեշ դառնանք:
Մենք կիսելու ոչինչ չունենք,
Զավակներն ենք մենք Աստծո,
Ճամփա բացենք, շենքեր հիմնենք,
Մեր ընթացքը օծենք լույսով:
Հայտնություն է ամեն մի մարդ,
Նա հայ լինի կամ թե ռուս,
Մենք միասին կլինենք անպարտ,
Միշտ բարեդեմ ու բարեհույս:
Ում ուղեղը բութ է ու նեղ,
Թշնամանք է նա սերմանում,
Բարի սրտով մարդն ամեն տեղ
Աստծո սիրով է ջերմանում:
Աստված թող մեզ պարգևի սեր,
Թող նվիրի լուսաբեր ջանք,
Իրար համար դառնանք թևեր
Ու վաստակենք սեր ու հարգանք:


ՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՎԱՐԻ

Երբ Հայաստանի սիրով ես սնվում,
Ասես՝ դեռ նոր է քո հոգին ծնվում,
Սկիզբ առնելով Արարատից սեգ,
Սերն այդ անկաշառ չի հատնում երբեք:
Հայաստան սիրիր ռուսավարի,
Ունայնության սին ձևերից հեռու,
Ասել է՝ լցվիր տենչերով բարի,
Կովկասյան ոգով զինվիր սարերում:

Հայաստան սիրիր ռուսավարի,
Մոռացիր հոգսը՝ սիրիր սրտակեզ,
Սիրելով՝ հոգիդ դու այնպես վառիր,
Որ թվա՝ կյանքում չես սիրել այդպես

Հայաստան երկրում ջերմ սերն է տիրում,
Սերն այդ ջերմացրու հայկական գինով,
Ամբողջ էությամբ տրվիր այդ սիրուն
Եվ սերն այդ շահիր քո սիրո գնով:

Սիրիր Արմենիան զուլալված սիրով,
Խաղաղ լուծելով հարցերը բոլոր,
Ողջ աշխարհը թող դառնա բուրաստան,
Քո ծնողներն են՝Ռուսիա-Հայաստան:

Հայաստան սիրիր նվիրումով վառ,
Թևածիր դեպի սուրբ Էջմիածին՝
Քո մեջ կրելով խաչը փրկարար
Եվ Քրիստոսի փառքը սրբածին:


ԻՄ ՀԱՅ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ

Ջան բառի խորքում լիցք կա մոգական,
Ափեափ լիքն է սիրով ու կյանքով,
Այն՝ Աստվածային տաճար է, որ կա,
Հոգու խորան է՝հյուսված բերկրանքով:

Գեղեցկություն կա նրանում և ուժ,
Ծնունդ է առել Արարատի հետ,
Նրա ծփանքում և՛ սեր կա, և՛ հուշ,
Հնչում է որպես ընկերոջ լավ երգ:

Այնտեղ մշուշոտ պահեր չեմ տեսել,
Չեմ խորհել, թե ուր կտանի ճամփան,
Յան-ով ավարտվող ազգանուններից
Թևեր եմ առել ես բազում անգամ:

Ու միշտ հիշելով հայ ընկերներին,
Սիրտս երազի դռներն է բացել.
Ուզում եմ շնչել հովը սարերի
Ու Գասպարյանի նվագով թախծել:

ԻՄ ԱՐՑԱԽ

Իմ սեգ Արցախ, քո սարերում ասես գրկումն եմ սիրո,
Հոգիս լիքն է բառ ու բանով, բայց ուժ չունեմ գրելու,
Հարբում եմ ես հեռաստանիդ, հողիդ ուժով ու հրով,
Հմայքդ տեսնում քո անվան մեջ ու փրփրաբաշ ջրերում:

Արցախ
Քո սուրբ անունը ես հավքիդ երգում լսեցի,
Արցախ
Քո սուրբ անունը դու մկաններիդ հյուսեցիր,
Արցախ
Դու քո ժողովրդի կրծքի տակ ես արևում,
Արցախ
Ոգիդ ծիածանիր գալիք բոլոր դարերում

Իմ սեգ Արցախ, քո մասնիկն եմ, ինչպես քաջերն այն բազում,
Որ կրծքերով պաշտպանել են քո հողը և բախտը քո,
Հեռուներից գիրկդ են գալիս զավակներդ դյուցազուն,
Թևեր առնում քո ներկայով ու գալիքիդ հավատով:

Քո աստղերի շողերի մեջ քո սուրբ անունն եմ կարդում,
Լսում եմ քո սրտի զարկը՝ ոնց Մորզեի այբուբեն,
Ժողովուրդդ ոտքի ելած քո ճանապարհն է հարթում,


Շութերին քո անունը սեգ ու մեսրոպյան Այբ ու Բեն:


* * *

Արցախ իմ, գիտես, վառվռուն սեր է սիրտը Ամուրի,

Շքերթդ զգում, հպարտանում է քեզնով հայրաբար,

Ոգուդ մեջ է նա, լեգենդիդ մեջ է ու նոր հառնումիդ,

Տիգրանի թոռն ես, մարդկության որդին և հույսը նրա:

Բռանդ մեջ առ կայծեր արձակող նրա ձեռքերը,

Երկնիր դու նրա լույս խաղաղությամբ, իմաստությամբ խոր,

Գիտության ծովից սնվիր ու հիշիր նրա հետքերը,

Լույսի շողերը առ քո կրծքի տակ, դարձիր թևավոր:

Արցախ, դու ջերմ շունչ, դու սրտեր գերող քնքշալից նվագ,

Րաբունապետ, որ ճանապարհիդ ջահեր ես վառել,

Յասաման՝ փնջած հագել ես նաև սաղավարտ, կապարճ,

Աշխարհին ի տես քո ազատաբեր պայքարով քայլել

Նոր սխրանքներով քայլիր քեզ վստահ և ինքնավայել:

 


Added: Saturday, June 09, 2012
Hits: 3552
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.