Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Diaspora > Հրաչ Քալսահակեան՝ Երկքաղաքացիութեան հետ կապուած բոլոր խնդիրները պէտք է վերացուեն

Hrach Kalsahakian and Hakob AsatrianԶրոյցը վարեց Յակոբ Ասատրեանը

Հրաչ Քալսահակեանը ծնուել է Յունաստանում, աշխատում եւ ապրում է Արաբական Միացեալ Էմիրութիւններում, ծնողները սիրիահայեր են: Հայրը մշակութային կրթական գործիչ է եղել, հայերէնի ուսուցիչ, ով երկար տարիներ աշխատել է Միջին Արեւելքի երկրների դպրոցներում, եղել է նաեւ Յունաստանում հայկական վարժարանի տնօրէն: Հրաչ Քալսահակեանը սկզբնական կրթութիւնը ստացել է Քուէյթում, ապա ուսումը շարունակել է Հալէպում` սովորելով Քարէն Եփփէ Ճեմարանում: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Յունաստանի Փաթրաս քաղաքում` մասնագիտանալով տուրիզմի կառավարման ոլորտում:

 

- Պարոն Հրաչ, Ձեր ուսումնառութիւնից յետոյ կրկին վերադարձաք Միջին Արեւելք...

 

- Այո, վերադարձայ Միջին Արեւելք եւ սկսեցի աշխատել տարբեր երկրներում: Հաստատուեցի ԱՄԷ-ում եւ այժմ Կիպրոսի Հանրապետութեան տուրիզմի գործակալութեան մարկետինգի պատասխանատուն եմ ողջ Միջին Արեւելքի համար: Մասնագիտութիւնից զատ ես միշտ հետապնդել եմ հայկական հարցերը, երիտասարդական տարիներից արաբերէն եմ թարգմանել Անդրանիկ Ծառուկեանի Մանկութիւն չունեցող մարդիկ եւ Վահան Թոթովենցի Կեանքը հին հռոմէական ճանապարհին վրայ գործերը: Հրատարակել եմ նաեւ արաբախօսների համար հայերէնի ուսուցման 330 էջանոց ուսումնական ձեռնարկ: 2002 թուականից սկսած Սիրիայի արաբ գրողների միութեան անդամ եմ:

 

Իմ մտասեւեռումն է, որ արաբներին հայկական մշակոյթը ներկայացնեմ: Մեզ պէտք է տարբեր երեսներով ճանաչեն եւ նաեւ մենք իրենց ճանաչենք: Յաջորդը տեղեկատուական տեխնոլոգիաների նոր փուլի օգտագործումն է: Քուէյթահայը չգիտի, թէ եգիպտահայն ինչ է անում, իրաքահայը չգիտի, թէ Էմիրութիւնների հայն ինչ է անում, մէկը միւսի կարիքներին չի հասնում: Միւս կողմից աշխարհի միւս հայերի հետ պէտք է մի համակարգչային կոճակով տեղեկատուական կապ հաստատենք` Եւրոպա, Միջին Արեւելք, Ամերիկա: Աստիճանաբար բոլորին կը շահագրգռենք, որպէսզի իրենց ներդրումներով ու օգտակար խորհուրդներով մասնակից դառնան այդ գործին:

 

- Այդտեղից էլ երեւի ծագեց Ազատ-հայի ստեղծման գաղափարը:

 

- 2003 թ-ից սկսեցի Ազատ-հայ արաբերէն եւ անգլերէն լեզուներով տեղեկատուական կայքի թողարկումը, որով նպատակ ունէի Էմիրութիւնների հայերին լրատուութիւն հասցնել: Չնայած 30 տարի ի վեր հայերն այդտեղ ապրել են, բայց ընդամէնը 11 տարի առաջ են եկեղեցի հիմնել: Մի քանի տարի Շեփոր ամսաթերթ տպարգեցին, որ բաժանւում էր եկեղեցում: Շարժայ եւ Աբու Դաբի քաղաքներում գործող ազգային վարչութիւնները լուրերը միայն ֆաքսով էին հաղորդում: Այդ ժամանակ նաեւ իմ գաղափարը իրականութիւն դարձրի, որպէսզի սկզբում Արաբական ծոցի, ապա Միջին Արեւելքի հայութիւնը երեւայ աշխարհի համացանցային քարտէզի վրայ: Այսինքն, մեր շրջանի բոլոր յայտնի մարդկանց, կազմակերպութիւնների, գործարարների մասին տեղեկատուութիւն կը տպագրենք եւ իրար կը կապենք, որպէսզի բոլորը ճանաչեն, թէ ինչ հնարարուորութիւններ կան եւ իմանան, թէ որի հետ կարելի է գործակցել եւ համատեղ ծրագրեր մշակել:

 

- Իսկ որքա՞ն հայ կայ Էմիրութիւններում, ո՞ր ոլորտներում են աշխատում:

 

- 5000 հայ կայ Էմիրութիւններում, Շարժայում` մօտ 3000, եւ մօտ 1000-ական Աբու Դաբիում եւ Դուբայում: Հայերի հիմնական մասը արդիւնաբերութեան եւ արտադրութեան մէջ են, մի որոշ մասը վաճառականութեամբ է զբաղւում, պրոֆէսիոնալներ կան, որոնք մեծ անուն ունեցող ֆիրմաների մէջ են աշխատում, բարձր տեխնոլոգիաներին տիրապետող մասնագէտներ, որոնք իրենց երկրներից եկել են ԱՄԷ, բայց լաւ պայմաններով:

 

- Ծոցի երկրներից` Էմիրութիւններ, Կատար եւ Քոււեյթ, որտե՞ղ է հայկական համայնքն աւելի լաւ կազմակերպուած:

 

- Նախ Քուէյթն է կազմակերպուած, անցեալ ունեցող գաղութ է: Քուէյթի ազգային վարժարանն ամենօրեայ դպրոց ունի, այդ դպրոցը յաճախել եմ նաեւ ես, եւ մինչեւ հիմա հայեցի դաստիարակութեամբ գործում է մինչեւ 12 դասարան: 3-17 տարեկան մօտ 400 աշակերտ ունի, իսկ անցեալում` մինչեւ 1991 թուականի պատերազմը, ունեցել է 700-800 աշակերտ: Այդ տարիներին տեղի սիրիահայերը ժամանակաւորապէս Սիրիա վերադարձան, թէեւ կային նաեւ պարսկահայեր ու լիբանանահայեր: Պարսկահայերի համար անհնար էր վերադառնալ Իրան, ուստի նրանցից շատերը գնացին Ամերիկա: Հայաստանի անկախացումից յետոյ շատ քիչ հայաստանցիներ հաստատուեցին Քուէյթում: Այժմ այնտեղ մեծ մասամբ սիրիահայեր են ապրում: Դպրոցում արեւմտահայերէնն է կիրարկւում` լեզուի, պատմութեան, կրօնի դասաժամերով, իսկ մնացեալը պետական արաբական ծրագիրն է: Շարժայում եւ Աբու Դաբիում գործում են շաբաթօրեայ հայկական վարժարաններ (140 եւ 70 աշակերտներով)` հայերէն լեզուի ճանաչողութիւն տարածելու համար:

 

- Ին՞չ կազմակերպութիւններ կան Ծոցի երկրներում:

 

- Քուէյթը, Էմիրութիւնները եւ Կատարն ունեն մի թեմ, որ ենթակայ է Կիլիկիոյ կաթողիկոսութեանը (Լիբանան): Թեմական մարմինը ընտրւում է չորս տարին մէկ անգամ եւ նշանակում է չորս ազգային վարչութիւն` Քոււեյթի, Դոհայի (Կատար), Շարժայի եւ Աբու Դաբիի (ԱՄԷ): Ազգային վարչութիւններն էլ իրենց հերթին տիկնանց, երիտասարդների, գեղարուեստի եւ այլ յանձնախմբեր ունեն: Քուէյթում կայ նաեւ սկաուտական շարժում եւ Շաքէ պարախումբ: Այս վերջինը գործում է 2007-ից ի վեր, որի պարուսոյցը Հայաստանից է եկել: Շաքէն 40 հոգանոց պարախումբ է, որ կազմուած է դպրոցի աշակերտներից: Շարժայում եւ Աբու Դաբիում պարախմբեր չկան:

 

Քուէյթում սկսեց վերահրատարկուել Ազդարար էլեկտրօնային շաբաթաթերթը, որ նաեւ տպագրուած տարբերակով բաժանւում է եկեղեցում: Դա Քուէյթի եւ Արաբական ծոցի երկրների Առաջնորդարանի տեղեկատուն է` Կարօ Արսլանեանի խմբագրութեամբ: 2009-ի Յունուարից մինչեւ հիմա Ազդարարը 20 թիւ է հրատարակել: Սկզբում միայն Քուէյթի մասին յօդուածներ էին տպագրում, արտատպումներ անում հայկական մամուլից, իսկ հիմա ընդգրկում է նաեւ Ծոցի այլ գաղութների մասին լրատուութիւն: Շաբաթաթերթը 20 էջով է եւ արեւմտահայերէն:

 

Վերոյիշեալ կառոյցները գրեթէ բոլորը գործում են Դաշնակցութիւն կուսակցութեան հովանու ներքոյ: Սրանից դուրս Աբու Դաբիում գործում է Հայկական Մշակութային Ընկերակցութիւնը, որ ամէն տարի Հայաստանից ԱՄԷ է հրաւիրում է արուեստագէտներ եւ կազմակերպում հայկական մշակոյթի օրեր:

 

Դուբայում գործում է մեր Ազատ-հայ կայքի խմբակը, որ ամէն ամիս հանդիպումներ է կազմակերպում զանազան հարցերի շուրջ, այդ թւում, յաջորդ թեման պէտք է նուիրուած լինի երկքաղաքացիութեան հետ կապուած մանրամասնութիւնների քննարկմանը: Աբու Դաբիում գործող Հայաստանի դեսպանութիւնը տարեկան մէկ-երկու միջոցառումներ է կազմակերպում, որոնցից վերջինը նուիրուած էր հայկական ջազին` Դուբայի Ջազ փառատօնի շրջանակներում:

 

Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա ունենք երկու եկեղեցի` Սրբոց Վարդանանց, որ գործում է Քուէյթում 1960-ականներից եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, որ գործում է Շարժայում 1998 թուականից: Քուէյթի եւ Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդն է Կորիւն Արք. Պապեանը:

 

- Ին՞չ ակնկալիքներ ունէք ՀՀ Սփիւռքի նախարարութիւնից:

 

- Առաջին հերթին պէտք է արժեւորում կատարուի մեր գաղութներում տիրող իրավիճակի մասին, հիմնուելով անկողմնակալ աղբիւրների վրայ, իսկ յետոյ անցնել այդ կարիքների բաւարարմանը: Ի հարկէ, սա շատ մեծ գործ է: Մարդիկ երբեմն դժուարութիւն ունեն կապուելու նախարարութեան հետ, քանի որ վարժ են գործել աւանդական կառոյցներով եւ չեն պատկերացնում, թէ նախարարութիւնը ինչ նպաստ կարող է բերել: Այնուամենայնիւ, եթէ իրենք նախարարութեան հետ չեն կապւում, ապա Սփիւռքի նախարարութիւնն ինքը պէտք է նրանց հետ կապուի:

 

Դասագրքի հարց չունենք, քանի որ արեւմտահայերէնով դասագրքեր Հալէպից ստանում ենք: Ի հարկէ, լաւ կը լինէր, եթէ էլեկտրօնային լսատեսողական միջոցներ տրամադրեն: Օրինակ, Հալէպում պատրաստուած Արեւիկ ձայներիզը շատ յաջող էր: Այլ խնդիրների մասին առաջիկայում կը տեղեկացնեմ:

 

Երեւանում ՀՀ Սփիւռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք համահայկական համացանցային կայքերի հասցէների եւ ընդհանուր տեղեկատուի ստեղծումը: Նախարարը ծանօթացաւ երկքաղաքացիութեան հարցի հետ կապուած բոլոր դժուարութիւններին: Այդտեղ կան բնակարանային գրանցման եւ զինծառայութեան հաշուառման հետ կապուած խնդիրներ: Դա շատ տարօրինակ պայման է, որ սփիւռքից պէտք է գան ու այստեղ գրանցուեն, երբ այստեղ տակաւին բնակարան չունեն: Յաջորդ խնդիրը մեր անունների աղաւաղումն է հայկական անձնագրերի մէջ: Երբ անգլերէնից հայերէնի են վերածում, խայտաբղետ անուններ են ստացւում: Պէտք է միանգամից հայերէն տարբերակը գրուի, որպէսզի մեր անունները հայերէն չխեղաթիւրուեն, իսկ անգլերէնը կարելի է նոյնութեամբ պահել: Այնուհետեւ երիտասարդութեան զինծառայութեան գրանցումը լաւ կը լինի մէկ օրում կատարուի: Անձնագրային վարչութիւնում անձնագրերի հանդիսաւոր յանձնումը շաբաթական միայն մէկ օր է` ուրբաթ օրը, թէեւ աւելի լաւ կը լինէր յաճախակի լինէր:

 

Նախարարի հետ խօսեցինք նաեւ արաբախօսութեան մասին, արաբական աշխարհում հայկական մշակոյթի եւ պատմութեան հարցերը ներկայացնելու մասին:

 

- Դուք Էմիրութիւններում ներկայացնում էք Կիպրոսի պետական տուրիստական կազմակերպութիւնը: Ելնելով Ձեր փորձառութիւնից, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական տուրիզմը:

 

- Հայաստանը ընթացիկ տուրիզմի համար անհրաժեշտ ծով ու աւազ չունի, բայց ունի այլ ոլորտներ` ինչպիսիք են կրօնական տուրիզմը, մշակութային, լեռնային, ագրոտուրիզմը եւ այլն: Հայաստանում գիւղական տուրիզմի զարգացման լայն հնարաւորութիւններ կան: Գիւղական բնակչութիւնը պէտք է կարողանայ տները վերանորոգել եւ նորմալ պայմաններ ստեղծել զբօսաշրջիկների համար, որպէսզի լինի արդիական սպասարկում, հաճելի մթնոլորտ: Դա կը նպաստի արտադրութեանը, գիւղի բնակչութիւնը կ'օգտուի տուրիզմի բերած օգուտներից, եւ միւս կողմից Երեւանի ծանրաբեռնուածութիւնն էլ կը թեթեւանայ: Հայաստանը Երեւանից դուրս շատ բան ունի ներկայացնելու:

 

Պէտք է նաեւ մասնաւոր թեմատիկ տուրիզմը զարգացնել, ինչպէս օրինակ` գինու արտադրութիւնը, աստղագիտութիւնը, եկեղեցիների ու վանքերի այցելութիւնները: Ամենակարեւորը պէտք է տուրիստների ընդունելու միջոցները շատանան: Երեք աստղանի հիւրանոցների թիւը պէտք է աւելացնել: Միջին դասակարգի համար հիւրանոցնէր են պէտք: Ներկայիս վարձով տրուող բնակարանները վատ վիճակում են, եւ չեն համապատասխանում համացանցում յայտարարուածին, իսկ եղած հիւրանոցներն էլ թանկ են երկրի ընդհանուր վիճակի համեմատ: Այդպէս չենք կարող մրցել այն երկրների հետ, որոնք համբաւ ունեն, ծով ունեն, այլ հրաշալիքներ ունեն: Պէտք է հաշուի առնենք, որ ներկայիս Հայաստանը աշխարհում տուրիզմի առումով լայն ճանաչում չունի, եթէ 50 տեղի սանդղակով նայենք, ապա Հայաստանն այդ 50-ի մէջ չկայ: Դարձել ենք փոքրաթիւ եւ որոշակի տուրիստական խմբերի այցելութեան երկիր: Դուբայից Երեւան եկող ինքնաթիռների մէջ համարեա տուրիստներ չկան: Շարժայի պետական աւիաուղիները նման չուերթ բացեց, բայց չդիմացաւ, որովհետեւ տուրիստ չկար: Հայաստան էին գալիս մարդիկ, որ արդէն ինչ-որ կապ ունեն երկրի հետ: Էմիրութիւնների մէջ 300 հազար եւրոպացի է ապրում եւ նրանք էլ չեն գալիս, որովհետեւ Հայաստանը ներկայացուած չէ այնտեղ:

 

Մինչդեռ Դուբայի պաշտօնական վերջին տուեալնրով, ԱՊՀ երկների շարքում Ռուսաստանից յետոյ, անցած տարի հայաստանցիներն են ամենաշատը Դուբայ այցելել` մօտ 25 հազար: Դուբայում կազմակերպուող ցուցահանդէսներում Հայաստանը ներկայացուած չէ: Դուբայում Ադրբեջանն արդէն 6 տարի մասնակցում է, իսկ Վրաստանը 2008-ից ի վեր: Լաւ կը լինէր, եթէ, օրինակ, Բեռլինի եւ Լոնդոնի միջազգային տուրիստական ցուցահանդէսների նմանութեամբ, Հայաստանը մասնակցի նաեւ Դուբայի ցուցահանդէսին: 

Լուսանկար՝ Հրաչ Քալսահակեան (աջ) և Յակոբ Ասատրեան, Սփիւռքի Նախարարութեան ներքնայարկը Էրեբունի Բլազայի մէջ (2009):

Հրաչ Քալսահակեանին կայքը՝ www.kalsahakian.com

Հայերն Այսօր կայք, 08 Յուլիս 2009 (կապ)


Added: Saturday, July 11, 2009
Hits: 6314
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.