Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenian writers on Middle East affairs > Արաբական երկրները զարգացման մոդելի ընտրության առաջ

Arax PashayanArax Pashayan writes about various progress paths available in front of the Arab countries. Although the progress prospects in front of the Arab countries are not yet clear, one issue is obvious: These countries cannot remain in the same way as in the past. Changes in the governing rules have become inevitable. It is difficult to predict where this can lead us, she concludes.

Արաքս Փաշայան

2011-ից ի վեր արաբական աշխարհում սկսված հեղափոխական շարժումները, որ Թունիսում եւ Եգիպտոսում ուղեկցվեցին իշխանափոխությամբ, իսկ արաբական այլ երկրներում (Ալժիրում, Եմենում, Հորդանանում, Սիրիայում, Բահրեյնում եւ այլն)` հակակառավարական հուժկու ելույթներով, օրակարգային են դարձրել արաբական երկրների զարգացման հեռանկարի հարցը:

Արաբական երկրներում սկսված ժողովրդական ելույթներն, ինչ խոսք, անակնկալ են, սակայն դրանք աննախադեպ չեն: Արաբական երկրների նորագույն պատմության վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ է, ինչ արաբական փողոցը, անտեսելով անգամ ռեժիմների կողմից իրականացվող բռնաճնշումները, նման կերպով ընդվզում է:

Հուզումների վերջին նմանօրինակ ալիքը կապված էր 20-րդ դարի առաջին կեսին Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի (Մաղրիբ) արաբական երկրներում խմորվող ազգային-ազատագրական շարժումների հետ, որոնք այն ժամանակ ուղղված էին արտաքին ուժերի, մասնավորապես` արեւմտյան իմպերիականության եւ Իսրայելի դեմ: Հենց այդ շարժումների արդյունքում, արդեն 19401970-ականներին, արաբական երկրները կարողացան անկախություն նվաճել: Դրանց մի մասում իշխանության եկան ազատագրական շարժումները ղեկավարած էլիտաները, որոնք հիմնականում զինվորականներ էին` տոգորված արաբական ազգայնականության գաղափարներով: Արաբական երկրների մեկ այլ հատվածում, մասնավորապես` Ծոցի երկրներում, իշխանությունը վերջնականապես անցավ առանձին դինաստիաների, որոնք պատմական տեւական ժամանակահատվածում ռազմական եւ քաղաքական ազդեցություն էին ունեցել տվյալ ռեգիոններում:

Անկախության նվաճումից հետո արաբական երկրները, բնականաբար, ընտրեցին զարգացման տարբեր ուղիներ: Պայմանավորված Սառը պատերազմի իրողություններով` նրանք հիմնականում հայտնվեցին երկու հակադիր ճամբարներում, որդեգրեցին զարգացման սոցիալիստական կամ կապիտալիստական ուղիներ:

Ժամանակի ընթացքում բյուրեղացավ նաեւ զարգացման երրորդ կամ իսլամական ուղու տեսությունը, որին էականորեն խթանեց Իրանի 1979թ. իսլամական հեղափոխությունը: Այս ուղու կողմնակիցները, համարելով, որ Միջին Արեւելքում ձախողվել են թե՛ սոցիալիստական եւ թե՛ կապիտալիստական մոդելները, անհրաժեշտ էին համարում ընթանալ այլընտրանքային ճանապարհով: Սակայն արաբական վարչակարգերը ժամանակի ընթացքում քաղաքական դաշտից դուրս մղեցին ոչ միայն իսլամիստներին, այլեւ գաղափարական տարբեր մոտեցումներ ունեցող ընդդիմադիրներին:

Արաբական երկրներում առկա ձախողումները շատուշատ դեպքերում կապված են հենց վարչակարգերի քաղաքական վարքաբանության հետ: Այդ երկրների հասարակությունների առաջընթացին մեծ հարված հասցրին խոսքի ազատության եւ մարդու իրավունքների սահմանափակումները: Արդյունքում` էականորեն տուժեց մտավոր ոլորտը, ասպարեզից դուրս մղվեց այլախոհությունը, արաբական հասարակությունները հայտնվեցին միջնադարյան ավանդույթներով խարսխված գորշ ու քարացած իրականության մեջ: Այս ամենին գումարվեցին սոցիալ-տնտեսական խնդիրները` անհավասար մրցակցային պայմանները, սոցիալական անհավասարությունը, բեւեռացումն ու գործազրկությունը:

Այս իմաստով, արաբական աշխարհում 2011-ից ի վեր սկիզբ առած եւ դոմինոյի էֆեկտով ընթացող հակակառավարական հուզումներն ունեն սոցիալ-քաղաքական հստակ պատճառներ եւ կապված են տասնամյակներ ի վեր կուտակված համակարգային խնդիրների, ի վերջո` արդիականացման պահանջի հետ: Ընդվզող հասարակությունները, որոնց մեջ երիտասարդությունն ամենահանգուցայինն է, ի ցույց դրեցին, որ 21-րդ դարում այլեւս չեն ուզում ապրել հնացած արժեքներով: Դրանք, ի տարբերություն նախորդ նմանատիպ հուզումների, դրսեւորվեցին ավելի տարերային ձեւով` առանց գաղափարախոսական համակարգված տեսությունների ու առաջնորդող քաղաքական ուժերի: Հենց նշված գործոններով է նաեւ պայմանավորված արաբական երկրների ոչ միայն ներկա, այլեւ հետագա զարգացումների անորոշությունը:

Հասարակական-քաղաքական արդի գործընթացները եւ դրանց հեռանկարը թե՛ արաբական հասարակություններում եւ թե՛ փորձագիտական հանրության շրջանում ակտիվ քննարկումների առարկա են դարձել: Օրակարգային են այն հարցերը, թե որքանով արաբական աշխարհում հնարավոր կլինի ձեւավորել իրական ժողովրդավարություն, տնտեսական եւ սոցիալական որոշակիորեն գոհացուցիչ պայմաններ: Ի վերջո, զարգացման ի՞նչ մոդելներ կընտրեն արաբական երկրները: Շրջանառվող փորձագիտական տեսակետների համաձայն, Միջին Արեւելքում պայքար է ծավալվում հիմնականում երեք` արեւմտյան, իսլամիստական եւ թուրքական մոդելների շուրջ: Չի բացառվում, որ տեսանելի ապագայում ի հայտ գան նաեւ քաղաքական այլ հայեցակարգեր:

Արեւմտյան ուղղությունը կապված է Մեծ Մերձավոր Արեւելքի ստեղծման հետ: Այս հայեցակարգը մշակվեց դեռեւս 1990-ականների սկզբներին, ամերիկյան ստրատեգների կողմից եւ միտված է արեւմտամետ վարչակարգերի ձեւավորմանը, տարածաշրջանում արեւմտյան արժեքների ներդրմանը: Ջորջ Բուշ կրտսերի հեռանալուց հետո այս ծրագիրը կարծես մոռացության էր մատնվել, սակայն ներկա փուլում կրկին արդիականացել է` կապված արաբական գործընթացների, ինչպես նաեւ Պակիստանում եւ Աֆղանստանում (որոնք համարվում են Մեծ Մերձավոր Արեւելքի արեւելյան դարպասները) ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետ: Ճիշտ է, հակաարեւմտյան եւ հակաիսրայելական կողմնորոշում ունեցող արաբական հասարակությունների համար նշված ուղին հազիվ թե ընդունելի լինի, սակայն դրա ներդրման գործընթացն, ըստ ամենայնի, վաղուց արդեն սկսվել է: Այն նպատակ ունի ոչ միայն ապահովել ԱՄՆ-ին անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսներով, այլեւ կանխել այդ պետության ազգային անվտանգությանն ու հետաքրքրություններին սպառնացող ցանկացած իրողություն, որ կձեւավորվի իսլամական աշխարհում: Շատերը կառավարելի քաոսի մասին տեսությունը կապում են ԱՄՆ-ի միջինարեւելյան ներկա քաղաքականության հետ:

Երկրորդ տեսությունը նկատի է առնում իսլամական տիպի պետությունների ստեղծումը, որոնց հիմքում ընկած կլինեն շարիաթական նորմեր: Այս պարագայում, իշխանության կարող են գալ կամ իշխանության մաս դառնալ, ասենք, Մուսուլման եղբայրները կամ նմանօրինակ կառույցներ, որոնք թեեւ հրաժարվել են ծայրահեղական մոտեցումներից, սակայն այդքան էլ արդիականանալու մտադրություն չունեն եւ պատրաստվում են ղեկավարել իսլամական միջնադարյան հայեցակարգերով:

Հատկանշական է, որ շարունակում են ամրապնդվել փորձագիտական այն տեսակետները, որոնք պնդում են, թե արաբական երկրներում կհաղթի իսլամիզմը: Ըստ այդմ` արաբական հասարակություններն իրականում միտված են դեպի իսլամիզմը, որն էլ կլցնի առկա քաղաքական վակուումը: Այս տեսակետի կողմնակիցները, ըստ ամենայնի, հաշվի չեն առնում այն խորքային խնդիրներն ու դժվարությունները, որ ձեւավորվել են իսլամիստական շարժումների ներսում: Իսլամիզմի վերելքն ընդունված է համարել անցյալ դարի 8090-ականները, որին, ինչպես նշում է ֆրանսիացի արաբագետ Ժիլ Կեպելը, հաջորդեց պոստ-իսլամիզմի դարաշրջանը:

Արդյո՞ք 21-րդ դարում կրոնական սկզբունքների վրա խարսխված արժեքային համակարգերը կշարունակեն պոպուլյար մնալ թեկուզ որոշակիորեն պահպանողական, սակայն ժողովրդավարական պահանջներ ներկայացնող արաբական հասարակություններում, տեսանելի կդառնա միայն խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ:

Այն, որ իսլամիստական տեսություններն առանձին արաբական երկրներում որոշակիորեն սպառել են իրենց, ապացուցվում է Թունիսի եւ Եգիպտոսի հեղափոխությունների օրինակով: Փաստ է, որ դրանք իրականացրին ոչ թե իսլամիստները, այլ հիմնականում կրթված եւ առաջադեմ երիտասարդները, որոնք առաջ էին քաշում ժովովրդավարական գաղափարներ: Հատկանշական է, որ հեղափոխությունները չընթացան հակաարեւմտյան կամ հակահրեական կարգախոսների ներքո, ինչպես ընդունված է քաղաքական իսլամի հռետորաբանության մեջ, այլ կենտրոնացած էին ներքին խնդիրների վրա:

Ինչ վերաբերում է թուրքական մոդելին, այն ենթադրում է իսլամի եւ ժողովրդավարության միաձուլում եւ, որպես այդպիսին, ներդրվել է Թուրքիայում, 2002-ին, Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության գալուց ի վեր: Սակայն տնտեսական եւ քաղաքական խնդրահարույց իրավիճակում հայտնված արաբական երկրներում որքանով այդ մոդելը կաշխատի, դժվար է ասել: Այն, որ թուրքական մոդելն այստեղ որոշակի կողմնակիցներ ունի, ակնհայտ է: Շատերը միեւնույն ժամանակ գիտակցում են, որ թուրքական մոդելի ներդրումն անմիջականորեն կապված է նեոօսմանիզմի գաղափարախոսության հետ, որը ենթադրում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի քաղաքական դերի եւ ազդեցության մեծացում: Պաշտպանելով հակակառավարական շարժումները եւ ձգտելով թուլացնել արաբական աշխարհը` Թուրքիայի ջանքերն իրականում ուղղված են հենց նշված խնդրի իրականացմանը:

Ամեն պարագայում, արաբական երկրներում զարգացման հեռանկարների հետ կապված տեսանելիություն դեռեւս չկա: Այստեղ նույնիսկ որոշակիորեն հոռետեսական տրամադրություններ են սկսել ի հայտ գալ: Օրեցօր մեծանում է արտագաղթել ցանկացողների թիվը, ինչը գլխացավանք է դարձել Արեւմուտքի համար:

Խնդիրն այն է, որ արաբական երկրներում հասարակական-քաղաքական բարեփոխումների, այդ թվում` ժողովրդավարական ազատությունների ներդրման համար (հանուն որի այդքան եռանդուն պայքար ծավալվեց) շատ երկար ժամանակ է անհրաժեշտ: Այստեղ չկան ոչ միայն ինստիտուցիոնալ հիմքեր ու ավանդույթներ` ժողովրդավարության զարգացման համար, այլեւ համընդհանուր ժողովրդականություն վայելող քաղաքական ուժեր կամ գոնե խարիզմատիկ գործիչներ, որոնք ի զորու կլինեն հաջողությամբ ղեկավարել հետագա գործընթացները:

Տարածաշրջանի ամենասուր խնդիրներից շարունակում են մնալ ժողովրդագրական աճի բարձր տեմպերը եւ գործազրկությունը: Արաբական աշխարհում երիտասարդության զբաղվածությունը չի անցնում 50 տոկոսը, շատ դեպքերում անգամ ցածր է այդ ցուցանիշից: Մինչդեռ իսլամական հասարակություններում մինչեւ 30 տարեկան երիտասարդները բնակչության ընդհուպ մինչեւ 70 տոկոսն են: Արդյո՞ք կարող են արաբական վարչակարգերը տեսանելի ապագայում յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել, բարձրացնել բնակչության կենսամակարդակն այնքան, որպեսզի հեղափոխություն իրականացրած զանգվածների համար դրա արդյունքները գոհացուցիչ լինեն:

Արաբական երկրների հեռանկարի վերաբերյալ հետաքրքիր է Զբիգնեւ Բժեզինսկու կարծիքը: Վերջինիս համոզմամբ` արաբական գարունն այդ երկրներում գրեթե ոչինչ չի փոխի, փոխարենը իշխանության կբերի հակաարեւմտյան ուժերի: Քաղաքական զարթոնքը կհանգեցնի ոչ թե ժողովրդավարական ռեժիմների ձեւավորմանը, այլ ընդամենը` պոպուլիզմի, հաշվի առնելով այն, որ ժողովրդավարությունը երկարատեւ գործընթաց է, մինչդեռ պոպուլիզմը միշտ էլ գրավում է զանգվածներին:

Արաբական երկրների զարգացման հեռանկարները, ճիշտ է, դեռեւս մշուշոտ են, սակայն մի բան հստակ է. այս պետություններն այլեւս չեն կարող լինել առաջվա նման: Հասարակական-քաղաքական տեղաշարժերն ու վերաձեւումները, այդ թվում` վարչակարգերի փոփոխությունները, անխուսափելի են դարձել: Որքանով արդյունավետ կլինեն եւ ինչպես կընթանան փոփոխություններն արաբական երկրներից յուրաքանչյուրում, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից, դժվար է կանխատեսել:

Source: Noravank Foundation, Yerevan, 17 May 2011
http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5776


Added: Friday, May 20, 2011
Hits: 3735
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.